Рубрика: Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ « Սովորողների մեջ ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակությունների զարգացումը  հայոց լեզվի և գրականության դասերի ընթացքում»

Կատարող՝ Բադալյան Մարինե

Դասավանդած առարկան՝  հայոց լեզու և հայ գրականություն

Խորհրդատու՝ Սիմոնյան Մարիետա

Երևան 2022

Բովանդակություն

Ներածություն                                                                                                              3

Հիմնական մաս                                                                                                            5

Եզրակացություն                                                                                                       24

Օգտագործված էլեկտրոնային աղբյուրներ և տպագիր գրականություն       26

Ներածություն

Հետազոտության արդիականությունը

            Սովորողների մեջ ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակությունների զարգացումը  դասերի ընթացքում  ամենահրատապ լուծումներ պահանջող խնդիրներից է։

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված են շրջանավարտներից ակնկալվող կարողունակությունները՝ ըստ կրթական աստիճանների ուսումնառության։ Փաստաթղթում ամենաշատը գործածված են ,,ճանաչի, իմանա, վերլուծի, համեմատի, ստեղծի, հիմնավորի,,  բայերը։Դրանից կարելի է եզրակացնել, որ մարդ անհատականությունը կրթական համակարգում ընկալվում է որպես վերլուծող, տրամաբանող, ինքնանդրադարձող, ինքնակազմակերպվող, ինքնաճանաչ ստեղծագործ էակ, որ իր քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակություններով պատրաստ է ընդունելու ժամանակի մարտահրավերները  և նպաստելու բարեվարքության, սոցիալական արդարության, իրավական պետության և հասարակության զարգացմանը․ դրա համար նրան անհրաժեշտ է ինքնուրույնություն, նախաձեռնելու կամք, ստեղծարարությամբ խնդիրներին մոտենալու կարողություն բոլոր ժամանակներում։

Հետազոտության նպատակը

Սովորողների մեջ ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակությունների զարգացումը  հայոց լեզվի և գրականության դասերի ընթացքում։

            Սովորողների ինքնուրույն գործունեության,  ստեղծարարության նպատակի արժևորումն է` կարևորելով որոշ  մոտեցումներ, որոնք այսօր կարելի է  կիրառել ավագ դպրոցում։

Հետազոտության խնդիրները

 1.Արժևորել  սովորողների  ինքնուրույն գործունեությանը նպաստող մոտեցումները։

 2.Ներկայացնել սովորողների ինքնուրույն գործունեության կազմակերպման որոշ ձևեր։

Հետազոտության տեսական ու գործնական նշանակությունը

Թեմայի վերաբերյալ գաղափարների, տեսակետների, կարծիքների ու մոտեցումների ներդրումն է ավագ դպրոցում:

Հետազոտության գործնական նշանակությունը թեմայի քննարկման փաթեթի հարստացումն է   ևս մեկ մոտեցմամբ:

 Հետազոտության մեթոդները

            Համագործակցային  գործունեությամբ  համեմատական վերլուծություն

Հետազոտության կառուցվածքն ու ծավալը

Հետազոտական աշխատանքը բաղկացած է ներածությունից, մեկ գլխից, եզրակացությունից և օգտագործած գրականությունից: Ընդհանուր ծավալը` 26  համակարգչային էջ:

Գլուխ 1

Ամեն նոր ծնված մարդ արարչական հոգեմարմին է՝ ստեղծագործ և ստեղծարար։ Ամեն նոր ծնված մարդ էներգիայի կրող է , և այդ էներգիան ևս փոխակերպվելու, փոխներգործուն ազդեցությունների դաշտեր ստեղծելու ունակ է, և քիչ չէ հավանականությունը, որ տիեզերքում մնացած իրեն համալիցք կամ տարալիցք էներգիաներին վանելու է կամ ձգելու ։ Այդ տեսանկյունից դիտարկելու դեպքում ավելի բացատրելի են դառնում մարդու՝ այլ մարդկանց հետ հարաբերվելու կերպերը, համակրանք-հակակրանքները, սեր-ատելությունը, բարեկամություն- թշնամությունը, պատերազմելու-խաղաղություն հաստատելու մղումները, բանակցելու և չբանակցելու  կառավարելի-անկառավարելի մղումները։

Մարդածնությունն ըստ էության  նախորդ կենսագործունեության ընթացքում կուտակած պարտքերի մարման հնարավորություն է և լույսի մեջ տարրալուծվելու իրավունք — անցաթղթի վավերականացման հնարավորություն։ Այսպես կամ գրեթե այսպես են մտածել նախորդ ,,անազատ,,, ,,կրոնական,,, ,,հոգևոր,,, աստվածակենտրոն կամ հոգեկենտրոն գաղափարախոսությունների ամրագրմանն ուղղված կրթօջախները, որ ավելի հակված էին հոգևոր, մարտարվեստավոր կրթության։ Պատմամշակութային արժեքները և պատմությունն ինքը վկայում են նրանց գործունեության արդյունքների մասին։ Բոլոր  հասարակություններն ակնածանքի հասնող հիացմունքով են այցելում նախորդ գաղափարախոսություններով կրթություն իրականացրած մարդկանց և նրանց սաների հանճարի վկայարանները, հիանում նրանց մարտական արվեստի աննկարագրելի հանճարեղություններով, ապրելու և ապրեցնելու միտված նրանց հանճարեղ հայտնագործություններով, գյուտերով՝ սկսած անիվից, որ այսօրվա ամենաարդիական տեխնիկական միջոցների հիմքն է։ Հասարակական ֆորմացիայի փոփոխությունից հետո նախորդը դիտարկվեց անազատ, քարկոծվեցին շատ երևույթներ, որ իսկապես արժանի էին քարկոծման և վերացման, բայց քարակույտերի տակ թաղեցին նաև այնպիսի երևույթներ, որ աստվածների ու մարդկանց համագործակցությունից ծնված հանճարն էր երկնել։ Հաստատվեցին  նոր տեսակի ֆորմացիաներ՝ ավելի ազատ, մարդասիրական, մարդակենտրոն։ Դրանից հետո երբ մարդ է ծնվում, սկսվում է նրա սեփականաշնորհման գործընթացը երկրի վրա։ Ընտանիքը կարծում է, որ ծնվածը իրենց ինքնաներդրման հնարավորությունն է ապագայում, պետության համար նա հերթական հարկատու է , հավանական պաշտպան, նվաճելիք քվե, եկեղեցու համար՝ հավանական մկրտվող, պսակվող, ննջող, արհեստավորների, վաճառականների համար սպառող, բժիշկների համար՝ հիվանդ, կրթական համակարգի համար՝ հերթական մեկը, որի ուղեղի և հոգու մեջ պիտի ինտեգրվեն իր չափորոշիչները, ծրագրերը, պահանջները, դիմացինի համար՝ բարի է կամ չար, որս է կամ որսորդ։ Սրանցից ամեն մեկը հմտորեն այնպես է ներկայացնում, որ եկել է խորին համոզումով և պատրաստվում է հավուր պատշաճի բավարարել ծնվողի կրթական, սոցիալ-հոգեբանական և այլ յուրահատուկ-ական կարիքները։ Բոլորը ջանում են՝ հաճախ իսկապես հավատալով իրենց մարդասիրական գերազնիվ մղումներին, մոռանալով իրենց անցած երկրային կյանքի ճանապարհներին իրենց համակած ներքին ընդվզումները, հիասթափությունները և վերջապես իրենց համակած համակերպության և համակերպվելու գոյատևական պահանջներն ամրագրելու հույժ կարևոր գործընթացը։

Այսօրվա հասարակությունն իր նախորդների ժառանգորդն է իսկապես։ Այդ է պատճառը, որ պարբերաբար հայտնվում են լուսավորներ, որ մերթ արվեստի մեջ են հանճարեղորեն արարում, մերթ գիտության, մերթ ռազմադաշտում, մերթ հանճարեղ ագահությամբ ամենն ու ամենքին   տնտեսական շահերին ծառայեցնելուն, դրամատիրական պահանջմունքները բավարարելուն միտված հույժ արդարացի դիտարկվող ամենակուլ աշխարհաքաղաքականություններում, և մեզ նման փոքր ազգերն այդ տիեզերանկարում կա՛մ լուսակետիկներ են, կա՛մ սև խոռոչիկներ, որ ունեն ապրելու կամ պարզապես գոյատևելու իրենց խիստ հարգելի իրավունքները։

Մարդը ստեղծարար երևույթ է, ստեղծագործ էություն, կյանքում նրա կատարած առաջին լուրջ ստեղծագործությունը, հարազատաճանաչությունից ու աշխարհճանաչության առաջին քայլերից հետո, ժառանգություն ստացած կաթնատամիկների փոխարեն հիմնական ատամներ աճեցնելն է, ապա ուղղաձիգ դիրքի վերջնական տիրապետումը, աստիճանաբար իր զգայական, ֆիզիկական, մտածական, հոգևոր բոլոր համակարգերի ճանաչումն ու գործարկումը։ Սա լրջագույն ինքնուրույն  ստեղծագործական աշխատանք է, որին հաճախ միջամտում է հարազատակրթահասարակական միջավայրը։ Բոլորը սրտացավորեն բարուրում են, սովորեցնում, սխալվելուց պաշտպանում, ինքնափորձառությամբ վարպետանալու հնարավորությունը խլում, իր ստեղծածի անկատարությունից դասեր քաղելու և կատարելագործվելու, իր ինքնարարումի  վերջնարդյունքը վայելելու գերագույն հաճույքից զրկում,  դրա փոխարեն սովորեցնում կրկնօրինակել նախորդներին, սերտել որոշակի բաներ, ստանալ որոշակի վկայաթղթեր և գուցե ապրելու համար աշխատել՝ հավատալով, որ աշխատանքն է գեղեցկացնում մարդուն ։

Գիտությունն ու արվեստը, պատմությունն ու կենցաղվարությունը արտացոլում են հնարավոր բարձրակետերը, որ պետք է նվաճի անհատը կատարելության հասնելու իր ճանապարհին։ Դրանք սոսկ արտացոլիչներ են և արտացոլքեր, իսկ կրթական ողջ հանրությունը այդ արտացոլքերը համարում է նոր անհատի էության բուն բաղադրիչը և սկսում ինքնաստեղծմամբ զբաղվող անհատին քանդակել՝ ըստ իր պատկերացումի, իր հետ ունեցած հարաբերություններում համագործակից ունենալու պահանջների։

Ամբողջ գիտամշակութային մթերանոցը պիտի լինի ոչ թե նպատակ, այլ նպատակին հասցնելու ուղղորդիչ կամ անկյունաքարիկ։

Ինչպես հմուտ աշխարհագետն է ճանաչում և քարտեզագրում արտաքին աշխարհը, ըստ իր նախորդների ուղեույցների՝ նոր սահմաններ ընդգրկում, ոչ թե նախորդ քարտեզագրումի սահմաններում վազվզում, այնպես էլ անհատը պիտի կարողանա քարտեզագրել իր կարողությունների, հմտությունների, հնարավորությունների շրջանակը՝ ոչ թե հաստատուն կուռքերի առաջ ծնրադրելով, այլ այն ճանապարհորդների ճանաչողության շրջանակները հաղթահարելով, որոնց իրենցից հետո եկողները կուռք են դարձրել և փակել առաջընթացի ճանապարհը։  Մի մշակույթ կործանելը, որ տեղը քոնը ստեղծես, այնքան էլ խելամիտ չէ, քան մի մշակույթը զարգացնես քո բերած նորություններով ու նորարարություններով, եղածը առատացնես ոչ թե նախապես եղածի սոսկական արձանագրումով, այլ մինչ քեզ չարձանագրվածի հայտնություններով, հնի հետ նրանց փոխգործունեության արդյունքներ գրանցելով, հետևանքների ճանաչում-բժշկումով։ Այս դեպքում կապրի տիեզերական մարդը, տիեզերքները կլինեն իրապես ճանաչելի և բնակեցված։

Ստեղծարար մարդու բնածին հատկանիշները զարգացնելուն պիտի միտված լինի կրթական ողջ համակարգը։

Ավագ դպրոցի սովորողն արդեն բավականաչափ ,,ստեղծագործված, սևագրված, խմբագրված, սրբագրված ,, է մտնում կրթական  նոր փուլ։ Ենթադրվում է՝  արդեն  ավելի հավանական է, որ նա  կատարել է մասնագիտական կողմնորոշում և շարունակում է իր սովորելու, չգիտես ինչու պարտադիր, իրավունքը իրացնելու գործընթացը գիտակցաբար, արդեն ունի կարդալու, ընկալելու, վերարտադրելու, վերլուծելու, համադրելու, հակադրելու, տրամաբանական և ստեղծագործական լուծումներ առաջադրելու, ինքնակրթվելու սերմիկները։ Նրա համար պետական ծրագիրը և դասագիրքն այն նվազագույնն են, որոնց հենքի վրա ինքնակրթվելու է մինչև կյանքը վերջակետելու ակնթարթը։ Անվերապահորեն կրթօջախը սովորողին պիտի տա ողջ կյանքի ընթացքում ինքնակրթվելու հնարավորության ապահովման բանալիները։ Այդ տեսանկյունից ինքնուրույն աշխատանքը ինքնակրթվելու առաջին աստիճանն է։ Հետազոտական աշխատանքները, նախագծերը սովորողին հնարավորություն են տալիս արժանապատվորեն ընդունելու իրեն ուղղված մարտահրավերները և վստահությամբ քայլելու  կյանքի այն ճանապարհնրով, որոնցով պիտի քայլի՝ առանց վախենալու դժվարություններից, առաց հպարտանալու, առանց գերագնահատելու կամ թերագնահատելու իրեն և իր կողքիններին։ Այսպիսի աշխատանքների մեջ կոփվելիս սովորողը իր արարքները, գործունեությունը վերահսկելու փորձառություն է ստանում և պատրաստվում ավելի լուրջ և կենսական խնդիրներին ստեղծագործաբար մոտենալու։ Սովորողը ինքնուրույն քայլեր նախաձեռնելու համարձակություն է ձեռք բերում՝ չսպասելով կատարված փաստի արձանագրումից հետո քայլեր նախատեսելուն։ Ոչ թե մնում է սոսկ արձանագրող և համակերպվող, այլ դառնում է նախաձեռնող, իրացնող , նոր ճանապարհ բացող, գործունեության համար համապատասխան գիտելիքի է տիրապետում , կարողանում է նպատակը  և դրան հասնելու միջոցները հստակեցնել, գիտակցում է իր պարտականությունները թե՛ որպես ինքնուրույն անհատ, թե՛ որպես հասարակության գործուն անդամ, ունենում է   սեփական գործին ուղղված պատասխանատվության զգացում, կարողանում է  մասնագիտական գործունեության մեջ հնարավոր խնդիրը կանխատեսել և լուծելու ճանապարհներ մշակել։

Ցանկացած դասրանում աշխատանքներն սկսելիս կարելի է սովորողներին հանձնարարել ինքնուրույնության և նախաձեռնողության թեստեր , հոգեբանի հետ , վերլուծել, աշխատանքները պլանավորել ՝ ըստ վերլուծության, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ և անհատականացված լինի։

Ինքնուրույնություն, նախաձեռնություն ստեղծարարություն զարգացնողը  ցանկացած թեմայով ինքնուրույն աշխատանքներ հանձնարարելիս կարող է առանձնացնել հետևյալ փուլերը․

1. կազմակերպչական. սա աշխատանքային միջավայրի նախապատրաստումն է

2. ուսումնասիրման աղբյուրների , բառարանների, հուշաթերթիկների բաշխում, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի ընթացքում

 3. նախապատրաստական. կազմվում է աշխատանքային ճանապարհի քարտեզ․ ուսուցիչը նշում է ցանկալի վերջնակետը, հաստատում այն կետերը, որոնց կատարման դեպքում վերջնարդյունքը բոլորի համար կատարված կհամարվի, այս փուլում հարկ եղած դեպքում  ակնարկվում է համակեցության, բարեվարքության, սովորել-սովորեցնելու, ինքնաստուգում կատարելու մասին՝ըստ իր ունեցած լսարանի համապատասխան որակի, այսինքն`խոսվում է այն ամենի մասին , ինչը կապահովի աշխատանքի արդյունավետությունը: Խմբերի ձևավորման համար նախատեսում  է այնպիսի աջակցություն , որ բոլոր խմբերում լինեն ուսումնական տարբեր ոճերի սովորողներ՝

 1․ակտիվ

2․ռեֆլեկտիվ

3․պրագմատիկ

4․տեսաբան

 4. կողմնորոշիչ. այս փուլում ուսուցիչը ներկայացնում է խմբերի առաջադրանքների բովանդակությունը,տալիս մտածելու և ընտրություն կատարելու հնարավորություն, սովորողը, ստանալով առաջադրանք, ընթերցում կամ վերընթերցում է պայմանը, դիտարկում է առարկան կամ գծագիրը, ընթերցում է տեքստը և այլն: Այս փուլի ընթացքում սովորողն իմաստավորում է առաջադրանքը, առանձնացնում է, թե ինչ է տրված, թե ինչ պետք է իմանալ կամ կատարել, ինչպիսի գիտելիքներ և գործողություններ են պահանջվում աշխատանքի կատարման համար: Սովորողները ծանոթանում են մոդուլի  բովանդակությանը: Այս փուլում ուսուցիչը կարող է բաշխել աշխատանքի պլանը: Պլանը կարելի է գրառել նաև գրատախտակին կամ ուսումնական համապատասխան էլեկտրոնային էջում, որը հասանելի է բոլորի համար, այստեղ  են տեղադրվում նաև թեմայի շուրջ մշակված պաստառները, սխեմաները և այլն:Այս փուլում ձևավորվում է ուսումնական աշխատանք  ծավալելու կարևորագույն կարողություներից մեկը՝ աշխատանքի համար կարևոր նյութեր ընտրելու կարողությունը:

 5. հիմնական փուլ. ա յս փուլում կատարվում է ինքնուրույն աշխատանքը:

6. Ամփոփիչ փուլ. այս փուլում կատարվում է անցուդարձ: Ուսուցիչը /ուսուցիչները/ գնահատում է, քննարկում, վերլուծում ամբողջ դասարանի աշխատանքի ընթացքը, արդյունքները:

7. Ստուգիչ փուլ, որի ընթացքում սովորողը, կատարելով առաջադրանքը, իր  նախաձեռնությամբ ստուգում է իր աշխատանքը և գնահատում այն, այսինքն` իրականացնում է ինքնաստուգում և ինքնավերահսկում: Գնահատում կատարում է նաև նախագծի ղեկավարը։

Կազմակերպելով սովորողների ինքնուրույն աշխատանքը` ուսուցիչը պետք է կարողանա պատասխանել հետևյալ հարցերին.

 — տվյալ ուսումնական նյութի ուսումնասիրման գործընթացի ո՞ր փուլում է նպատակահարմար կազմակերպել ինքնուրույն աշխատանքը,

— ինքնուրույն աշխատանքի ի՞նչ տիպ է անհրաժեշտ ընտրել և կիրառել գիտելիքների յուրացման տվյալ փուլում։

Նման կառուցվածք ունի նաև արդիական համարվող նախագծային աշխատանքը։ Նախագծային աշխատանքի փուլերն են`

  1. Նպատակադրում
  2. Գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն
  3. Պարտականությունների բաշխում
  4. Ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում
  5. Հետազոտական գործունեություն
  6. Արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ
  7. Արդյունքների հանրայնացում
  8. Հաջողությունների և սխալների վերլուծություն
  9. Շտկողական գործունեություն
  10. Նախագծի հրապարակային պաշտպանություն:

Նման մի  հետազոտական, նախագծային կամ ուղղակի ինքնուրույն աշխատանք ենք նախատեսում ավագ դպրոցում։

12-րդ դասարանում ուսումնասիրվում է Կոստան Զարյանի ստեղծագործական աշխարհը։ Որքան էլ զարմանալի է, բայց ուսունասիրման հիմնական նյութ է ընտրվել «Նավը լեռան վրա»  վեպի այն տարբերակը, որը, հեղինակի կտակի համաձայն, չպիտի համարվեր նրա գրական ժառանգություն, քանի որ խորհրդային գրաքննությունը խմբագրել էր, և գործը զրկվել էր հեղինակի և իր նախորդ հրատարակության հետ հարազատությունից։ Իհարկե այսպիսի անտրամաբանական երևույթները չեն հասցնում տեղ զբաղեցնել  անհրաժեշտ ուշադրության կիզակետում, և հիրավի հանճարեղ հեղինակի իսկապես բացառիկ այդ գործը շարունակում է կաղին տալ դասագրքում, սովորեցնողի, սովորողի աշխատակարգում։

Նախագծային աշխատանքի համար առաջարկում ենք նույն հեղինակի , «Տատրագոմի հարսը»  պոեմը, որ առաջին անգամ տպագրվել է 1930 թվականին Բոստոնում։ Կ. Զարյանն իր այս պոեմի ատաղձը վերցրել է Ռուբենի (Մինաս Տեր-Մինասյան) «Հայ հեղափոխականի մը հիշատակները» գրքից։ Սա իրապատում է, և Ռուբենը` իբրև հայդուկապետ, որոշակի դեր էր ունեցել Հովանի ու նրա կնոջ ճակատագրում: Կնոջ հետ զրուցելիս, վերջինիս ինքնարդարացնող դատողությունները ներկայացնելով՝ նա գրում է. «Այս ուղղությամբ այնքան երկար, անկեղծ ու բնական կը խոսեր, որ ես ալ չէի կրնար չհուզվիլ: Իմ համակրանքը այդ «դավաճան» կնոջ կողմն էր. սրտիս մեջ իրավունք կու տայի անոր. մեղավոր կը գտնեի մեր քարացած ավանդությունները: Հովանը կնիկ է առած առանց ինքը էրիկ ըլլալու»։ Պոեմը  քննադատների կողմից տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, անհամոզիչ  գուցե ավելի շատ անընդունելի է թվացել Սանայի կերպարը, քանի որ հեղինակը մատը դրել է արյունահոսող զարկերակի վրա հենց։ Պոեմում առաջ քաշված խնդիրներն  այսօր էլ արդիական են։ Հավիտենական թշնամության անեծքը ուղեկցում է մեր ժողովրդին այսօր էլ։

Գրականութունը  այն քիչ առարկաներից է, որի դասավանդման ընթացքում կարելի է համագործակցել արվեստի բոլոր ճյուղերի, պատմության, աշխարհագրության, լեզուների մասնագտների հետ և նյութը համակողմանիորեն ուսումնասիրել։

  «Տատրագոմի հարսի  ուսումնասիրման համար առաջարկում ենք նյութի  քննության հետևյալ նախագիծը, որը կնպաստի սովորողների ստեղծագործական, վերլուծական, հասրակագիտական, գեղագիտական հայացքների զարգացմանը։

  • Թեման՝ « Տատրագոմի հարսը»  
  • Նպատակը՝ նպատակային ընթերցանություն, հայրենաճանաչություն, քարտեզագրում, ծեսերի, ավանդապատումների ուսումնասիրություն, նյութը գեղարվեստորեն, գիտականորեն վերարտադրելու ունակության և ստեղծագործական կարողությունների, երևակայության խթանում
  • Մասնակիցներ՝ 12-րդ դասարաններում սովորողներ
  • Ակնկալվող արդյունքներ՝
  • համագործակցային աշխատանքի փորձառություն
  • հայրենաճանաչություն
  • միջառարկայական կապերի միջոցով նյութի ամբողջական ընկալման հնարավորության օգտագործում
  • գեղագիտական ճաշակի զարգացում
  • ուսումնական նյութի ստեղծում

Առաջին փուլ

            Առաջադրանք ինքնազարգացման համար՝ ինքնուրույն ընթերցանություն, պատկերավոր արտահայտությունների, բառակապակցությունների դուրս գրում։

Երկրորդ փուլ

Խմբային աշխատանք

Աշխատանքի համար նախատեսվում են  հետևյալ խմբերը՝

  • Պատմաշխարհագետ
  •  Բանահավաք
  • Բանասեր
  • Արվեստագետ
  • Իրավագետներ
  •  Ռազմագետներ
  • Տնտեսագետներ
  • Հայացք վերից

Քանի որ ավագ դպրոցները ունեն տարբեր հոսքեր, պարտադիր չէ, որ խմբերը ձևավորվեն միայն մեկ դասարանի աշակերտների ներգրավումով։Վերջին հաշվով բոլորը նույն դպրոցի սաներ են, նույն հայրենիքի հայրենատերեր։ Վերջնարդյունքը գնահատելու տեխնիկական կողմը կարող են մասնակից ուսուցիչները մշակել։

 Հետազոտական աշխատանքներ կամ նախագծեր՝ըստ համագործակցային  խմբերի

  • 1․ «Պատմաշխարհագետ»  խումբը համապատասխան առարկաների ուսուցիչների ղեկավարությամբ կատարում են  գործողությունների տեղանքի /Սասուն, Տատրագոմ․․․․/, նրա հետ առնչվող վայրերի քարտեզագրում, տեղեկությունների հավաքագրում, պատմական անցքերի ուսումնասիրություն, գործիչների մասին պատմական տեղեկությունների հավաքագրում, գտնում  պոեմում հիշատակված կերպարների պատմական նախատիպերը, նման պատմություններ ունեցող իրական , գրական, հին և նորօրյա հերոսների մասին նյութերի փաթեթ ստեղծում ։
  • 2․ «Բանահավաք»  խումբը հավաքում է հարսանեկան ծեսի հետ կապված ազգագրական, եկեղեցական նյութը պոեմում, կարող է բեմադրել հատվածներ պոեմից  կամ գրել սցենար, ծիսական երգերի, պարերի համերգ կազմակերպել, համեմատել ծեսն այսօվա ծեսի հետ, անդրադառնալ այլ ծեսերի։

Տարածքի , այնտեղ աճող ծաղիկների, լեռների, սրբավայրերի ․․․մասին պատմող ավանդապատումներ է գտնում Ղանալանյանի «Ավանդապատումներից», Սրվանձտյանի «Գրոց-բրոցից»  ․․․․Լալայանի, Ալիշանի աղբյուրներից, պատրաստում նյութերի փաթեթ, ընտրում ներկայացնելու հոգեհարազատ ձևը։

  • 3․ «Բանասեր»  խումբը աշխատում է  բնագրի հետազոտման, պատկերավորման միջոցների, բանաստեղծական տողի, պատկերի ներգործման ազդեցության  աղյուսակներով,  ինքնագնահատման և գնահատման աղյուսակով կատարում գնահատում։

Կազմակերպում է հրատապ լրատվություն ՝ անդրադառնալով պոեմի մեջ առաջ քաշված քաղաքական, սոցիալական, բարոյահոգեբանական և մշակութային հարցերին, հեղինակի արվեստին, կազմակերպում վիրտուալ հարցազրույց հեղինակի կամ նախընտրած հերոսների հետ։

Բնագիրն ընթերցելու հետազոտման աղյուսակի նմուշ

    Ո՞վ /ովքե՞ր/Արտաքին նկարագիրբարոյակամային հատկանիշներ,բնավորություն     
    
Զբաղմունք   
Ե՞րբ և ո՞րտեղ   
Ի՞նչ պայմաններում է /են/ ապրում և գործում 
  Ի՞նչ է մտածումինքն իր մասին   
ուրիշներն իր մասին   
ես իր մասին   
Ո՞րն է  ապրելու նրա հիմնական սկզբունքը 
Ի՞նչ եղավ կամ  ի՞նչ խնդիր առաջացավ   
Խնդիրն ինչպե՞ս լուծվեցարդյունք     
հետևանք 
  Ի՞նչ դաս քաղեցիպարտադիր պետք է անել   
հնարավորինս պետք չէ անել   
այսօրվանից ինքս կանեմ   
իմ միջավայրում կարելի է ամրացնել 
Տեսակի մերօրյա կրող 

Պատկերավորման միջոցների ուսումնասիրման աղյուսակի նմուշ

Պատկերավորման միջոցներ  տողըխմբի ստեղծած նախադասությունը
Մակդիր    
Համեմատություն    
Անձնավորում    
փոխաբերություն    
շրջադասություն  
հակադրություն    
փոխանունություն    
չափազանցություն    
հանգավորում    
խորհրդանիշ նվազաբերություն  
հեգնանք  
  այլաբանություն    
ճարտասանական հարց կամ բացականչություն    
այլ միջոցներ    

  Բանաստեղծական տողի, պատկերի ներգործման ազդեցության աղյուսակի նմուշ

Բանաստեղծական տողըտեսալսեցիզգացիպատկե րացրիտողից մնացած մտապատ րանքը /ասոցիացան/
          
          

Ինքնագնահատման և գնահատման աղյուսակի նմուշ

Գնահատման չափանիշգերազանցբավարարԿատարելա գործման  կարիք կա
Ինչպե՞ս եմ կատարել իմ խմբային աշխատանքը   
Տեղավորվե՞լ եմ ժամանակի մեջ     
Օգնե՞լ եմ թիմակիցներիս     
Հաշվի առե՞լ եմ թիմակիցներիս կարծիքները   
Թիմակիցներիս հետ փոխըմբռնման հասե՞լ եմ     
Սովորեցի՞ գնահատել իմ և ընկերներիս աշխատանքը   
Սովորեցի՞ գնահատել իմ և ընկերներիս ժամանակը   
  • 4․«Արվեստագետ»  խումբն աշխատում է գեղարվեստական վրձնահարվածների աղյուսակով և ինքնագնահատման և գնահատման աղյուսակով կատարում գնահատում։

Պոեմի բնաբանները,  այլ բնանկարներ օգտագործելով՝ ստեղծում փոքր տեսանյութեր, սահիկաշարեր, խճանկարներ, նկարներ, երգ են գրում, արձանիկ ծեփում՝ հաշվի առնելով խմբերի շնորհները և կարողությունները։

     Խումբը տրվածներից իր համար ընտրում է ամենահոգեհարազատը,   ամենահնարավորը կամ ամենաանհնար թվացողը։

     Գեղարվեստական վրձնահարվածների աղյուսակի նմուշ

ՄեջբերումՀերոսը, նրա էության գույնըԽորհրդանիշ, բանալի բառՀերոսին բութագրող բնական երևույթՀերոսին բութագրող երգ , պար,քանդակ
ինձ համար ընդ միշտ աշխարհ  վերջացավ..․ հայդուկն իր  կնոջ հոգալ չի  կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե…    
 ընդմիշտ մեկնած ողջ մի մարդու  դժբախտ այրի,  գյուղի ճնշիչ  նայվածքի տակ, քայլող մի շուք`  մենակություն  և հիշատակ    
․․․ տրեխները մաքրում, մտնում է երկինք      
Նորման իշխանի խարտյաշ մազերով․․․    
Ո՛չ մի աստված չի հասկանում      
Աղեղի նման ձգվել է,լարվել , այրված իր դեմքը տվել է լեռան , մի թուղթ է կարդում․․․      
Կայծկլտող աչքով անտառի ոգի՝ ոտքերը կամաց ձյունին է տալիս․․․      
Բիբերի շուրջը կարմիր երակներ, կռվազան․․․      
Կարմրած աչքերը նետել է ներքև և սիրտը կպցրել ամեն մի քարի․․․    
  • 5․ Իրավագետների խումբը պատրաստում է մարդու իրավունքների պաշտպանության դիմում-հայտ։

Փաստերի վերլուծման աղյուսակով քննություն անում ,,Հանցանք և պատիժ,, թեմայով։

Կազմակերպում գրական դատ։

                       Փաստերի վերլուծման աղյուսակի նմուշ

  ամբաստանյալ  մեղադ րողմեղադրանքապացու ցող փաստերպատիժԳնահա տում՝ ըստ բարոյական կոդեքսի
հասա րակութ յուն  Հովան    
թուրքական  կառա վարություն   Զոհրապ և Փալյան    
Ֆիդայիներ, «Նեմե Սիս,, կազմակերպություն«Գորշ գայլեր,, կազմակերպություն    
      Սանա,,Զինվորի մայր,, կազմակերպություն        
Թուրքիայի ռազմա կան նախա րար    Մակար ծերունի      
մարդ  Բարոյական արժեհա մակարգ    

* «Տնտեսագետներ»  խումբը ուսումնասիրում է պոեմում նկարագրված ժամանակաշրջանի տնտեսական և ֆինանսական խնդիրների և նրանց հետևանքների անդրադարձը «Տատրագոմում»,Արևմտյան Հայաստանում և հանդես գալիս վերլուծական զեկուցումով ՝ երկրի  զարգացման նպատակները վերցնելով Մ․ Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»  գրքից։

* Ռազմագետների խումբն ուսումնասիրում է մարտական գործողությունները պոեմում, ներկայացնում հակամարտող կողմերի՝ ֆիդայիների և կանոնավոր բանակի մարտավարությունները, ռազմավարությունները, ռազմական պատրաստականությունը, համեմատում Արցախյանի, հայոց բանակի  մերօրյա կամավորականների, աշխարհազորի հետ։

*  Հայացք վերից խումբը պատրաստում է ուսումնասիրություն՝ «Երկնայինների դերը երկրայինների կյանքում»  կամ «Անտեսանելիների տեսանելի հետքերը» թեմաներով, հավաքում է նյութեր հրեշտակների, քերովբեների, սերովբեների, սրբաց դասի, մարգարեների, «մեզմե աղեկների»  մասին։

  • Բոլորի համար նախատեսվում է  անհատական աշխատանք։

Գրել շարադրանքներ՝ որպես վերնագիր օգտագործելով հեղինակի պատկերավոր արտահայտությունները և կազմել գրքույկ/ թղթե կամ էլեկտրոնային/

Նմուշ՝

* Ամեն մի փամփուշտ իր զոհը ունի

* Ես սիրեցի, մե՞ղք է սիրել

* Քանդվի գահը սուլթանի

* Վերքը մտել է  երգի մսերի մեջ

* Հայոց դաժան լեռների վրա աստվածները քայլում էին բարկացած

* Սանայի պահապան կաղ հրեշտակը՝ արնածորող թևով, ձայն է խնդրում

* Վերցնում է իր նախընտրած պատկերավոր արտահայտությունը

Աշխատանքը կարելի է ամփոփել կա՛մ դասաժամերի, կա՛մ միջոցառման, կա՛մ ասենք կարելի է «Մի հեղինակի շաբաթ» կազմակերպել և ամփոփել։ Վերջինն ավելի արդյունավետ կլինեի, հատկապես եթե  շաբաթները պարբերաբար կազմակերպվեն և լինեն   տարաբնույթ  ։

Կատարվում է անդրադարձ։

Նախագիծը վարողը խնդրում է մասնակիցներից յուրաքանչյուրին հիմնավորել իր կատարած ընտրությունը: Գործընթացը հիմնավոր ավարտելուց հետո մասնակիցները պետք է  ներկայացնեն աշխատանքային ճանապարհի կանգառներ՝ առաջնորդվելով հետևյալ հարցադրումներով՝

 — իմացական ի՞նչ տեղաշարժ  կատարվեց իրենց հետ  աշխատանքի ընթացքում, և ո՞ր թեմաները կուզենային զարգացնել այլ աշխատանքներում,

 — ինչպիսի՞ զգացողություններ ունեցան ընթերցելիս և աշխատելիս,

 — ինչպե՞ս փոխվեցին նրանց հուզական ռեակցիաները, գեղագիտական հայացքները, տրամաբանական մոտեցումները,

 — ինչպիսի՞  նոր մտքեր ունեցան ուսումնասիրության  տարբեր փուլերով  անցնելիս ,

— տեխնիկական ի՞նչ միջոցների կարիք զգացին աշխատանքի ընթացքում,

— մշակութային ի՞ նչ  արտադրանք է հնարավոր ստանալ այս նյութից ավելի մեծ լսարանների համար։

Նախագծային աշխատանք հայոց լեզվից

Թեման՝  բաղադրյալ հատուկ անուններ

Նպատակը՝ ամրապնդել բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը, կազմել խաչբառեր, հանելուկներ, դասարանով հորինել պատմություն

Ժամկետը՝ 1 շաբաթ /3 դասաժամ/

Կատարող՝ 11-րդ պատմաիրավագիտական դասարան

Ուսումնական նյութեր՝ բաղադրյալ հատուկ անունների բառարաններ, տերմինաբանականի որոշումներ, դասագրքեր, բաց աղբյուրներ

Առաջին դաս

 Խմբային աշխատանք

Առաջին խումբ- համացանցից, պատմության դասագրքից, տերմինաբանական տեղեկատուից դու՛րս գրել թագավորների, հոգևոր, ռազմական առաջնորդների, ֆիդայական շարժման մասնակիցների բաղադրյալ հատուկ անուններ, կազմե՛լ խաչբառ կամ գրե՛լ հանելուկներ։

Երկրորդ խումբ- համացանցից, պատմության, աշխարհագրության դասագրքերից, տերմինաբանական տեղեկատուից դու՛րս գրել համաստեղությունների, տեղանունների բաղադրյալ հատուկ անուններ, կազմե՛լ խաչբառ կամ գրե՛լ հանելուկներ։

Երրորդ խումբ — համացանցից, պատմության դասագրքից տերմինաբանական տեղեկատուից դո՛ւրս գրել տոների, հիշատակի օրերի  բաղադրյալ հատուկ անուններ, կազմե՛լ խաչբառ կամ գրե՛լ հանելուկներ։

Նմուշներ սովորողների կազմած հանելուկներից

1 Ֆրանսիան փրկեց կործանումից,

Գերի ընկավ բուրգունդացիներից,

Սպանվեց հերետիկոսությունից։

/Ժաննա դ՛Արկ

2 Միջերկրական ծովից հարավ-արևելք է,

Փոքր Ասիայից՝ հյուսիս-արևելք,

Թագավորներից է Լևոն Մեծագործը,

Գուշակեք՝ ո՞րն է թագավորությունը։

/Կիլիկիայի թագավորություն

3Մեծ ծառերի փչակում

Նա իր պալատն է սարքում

Եվ ծառերի կատարին

Ուտում ընկույզ ու կաղին,

Կորած կաղինն է փնտրում,

Իրարանցում սկսում,

Նոր դարաշրջան բացում։

Այ թե մեկը իմանա՝

Որ  մուլտֆիլմի հերոսն է նա։

/Սառցե դարաշրջան

4 Հայոց երկրի արքան էր,

Տիեզերքի գահակալ։

/Սմբատ Բ Տիեզերակալ

5 Բարեկամն է երկաթի

Եվ թշնամին Բեշիրի,

Խաչված արքայի որդին,

Ո՞վ ճանաչեց արքային

Եվ զորավոր զավակին։

/Սմբատ Ա և Աշոտ Երկաթ

6 Հող ու ջրով է փորձվել,

Մերթ զորացել, մերթ ընկել,

Հուշ չունեցող մութ բերդում

Զորավարին էր նայում,

Որ սարեր էր խորտակում։

/Արշակ Երկրորդ և Վասակ Մամիկոնյան

7 Նա թագավորն է կենդանիների,

Պայծառ լուսատու երկնակամարում,

Չափերով մեծ է, բայց փոքր ենք ասում։
/Փոքր Առյուծ համաստեղություն

8 Նա երազանք է իրականացնում,

Ապրում է ջրում և տիեզերքում։

/Ոսկե Ձկնիկ համաստեղություն

Նյութերը փոխանցեցին իրար, լուծեցին առաջադրանքները, ամփոփեցինք խաղով ։ Արդյունավետ աշխատանք էր։

Լրացուցիչ նյութ

Քանի որ դասարանը պատմաիրավագիտական է,նրանց համար նախապատրաստվել էր հետևյալ հարցարանը

1 Հսկա հորից ծնված ցածրահասակ թագավոր՝ որսի և որսատեղերի սիրահար։

 /Խոսրով Կոտակ

2 Անձնազոհ ու վեհանձն արքա բանաստեղծ, որին Անտոնիոսը կնոջ ու երեխաների հետ խաբեությամբ ձերբակալեց։ Կլեոպատրա Էին երկրպագելու դիմաց նրան և ընտանիքին ազատություն խոստացան, սակայն ,,․․․ո՛չ աղերսեցին, ո՛չ իսկ երկրպագեցին,,։

 / Արտավազդ Բ

3 Բոլոր թագավորներից մեծագույնը, որին այլ ազգերի երաժիշտները 32-ից 40  ստեղծագործություններ են ձոնել, մենք՝ ոչ մի հատ։ 70 հովիտով փրկագնվեց, բայց աշխարհակալություն ստեղծեց։

 /Տիգրան Բ Մեծ

4Երվանդ Սակավակյացի որդին, որի մասին Մովսես Խորենացին իր ,,Հայոց պատմության,, մեջ գրում է,, Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ, Արամ,․․․որովհետև քաջերի սերունդները քաջեր են,,։

/Տիգրան Ա Երվանդյան

5Արգիշտի Բի որդի՝ դիվանագետ արքա, նվաճել է առնվազն 5 երկիր; Քա մոտ 680-650թթ

 / Ռուսա Բ

6 Կիլիկիայի թագավոր՝ ամենաշատ մականուններով։ Նրա առաջին գործը 1187-ին Իկոնիայի սուլթանության զորքերը ջախջախելն էր։ Թագադրվել է Բյուզանդիայի Ալեքսոս Գ Անգելոս կայսեր և Գերմանիայի կայսր Հենրիխ Զի կողմից ուղարկված թագերով։ 1198-ին Տարսոնի Սուրբ Սոֆիա մայր տաճարում նրան օծեց Գրիգոր Ջ Ապիրատ կաթողիկոսը։

 /Լևոն Մեծագործ, Բազմահաղթ, Բարեպաշտ, Մեծահաղթ

7 Մահվանից առաջ հեռացավ Դարանաղյաց գավառ՝ Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոն; Նրան Մովսես Խորենացին համարում է մինչև  հինգերորդ դարն ապրած Հայոց վերջին հզոր թագավորը։ Մանյա Այրք կոչված վայրում նրան նախարարները թունավորեցին; Նրա և Անակ Պարթևի որդու անունները կամրջել են Արածանի և Հորդանան գետերը։

 /Տրդատ Գ Մեծ

8 Օրենսգրքի հեղինակ առակագիր և օրենսգրքի հեղինակ զորավար։ Ովքե՞ր են։ Մեկի անունը կապվում է Աղստևի հովտի հետ, մյուսինը՝ Կիլիկիայի թագավորության։

/ Մխիթար Գոշ, Սմբատ Գունդստաբլ

9Ո՞ր հայ գրողը ո՞ր լճի ո՞ր կղզուց է հափշտակված դիտել շրջակայքը և գրել ,,Ձա՛յն տուր, ո՛վ ծովակ,, բանաստեղծությունը։ Ինչպե՞ս է լիճը նախկինում կոչվել, կղզիների անունները, ճարտարապետական հայտնի կոթող լճում։

 / Վանա, Տոսպա, Բզնունյաց, Ռշտունյաց լիճ, Արծրունյաց, Վասպուրականի, Արճեշի ծով;Աղթամար, Կտուց, Լիմ Առտեր կղզիներ, Աղթամարում ճարտարապետ-քանդակագործ Մանուելը կերտել է Սուրբ Խաչ եկեղեցին/

10 Հայտնի սար և կամուրջներ չհանդուրժող դրախտցի գետ/իր փոխադրած տիղմի քանակով Նեղոսից հետո երկրորդը աշխարհում/ , որոնց մայր են անվանում։

 /Մասիս/մայր սար /, Գեհոն, Արաքս,Երասխ,Արազ/

*Լրացուցիչ նյութն այնպես է կազմված, որ ևս մի քանի հանելուկ կազմելու հնարավորություն լինի, գործածված հատուկ անունները թաքցնելով՝ կարող ենք առաջադրանքով թելադրություն տալ/վերականգնի՛ր հատուկ անունները, նշի՛ր տարեթվերը։

Երրորդ փուլ՝ համագործակցային աշխատանք՝ ստեղծագործական խաղ կարուսել մեթոդով՝ օգտագործելով Ջանի Ռոդարիի ,,Ստեղծագործական երևակայության քերականության ,, գրքի Պրոպի քարտերը /էջ87/։ Պարտադիր պայման ՝ խաղի ընթացքում հանդես եկող հերոսները, ժամանակը, տեղանունները․․․ բաղադրյալ հատուկ անուններ են։

Սովորողները նստում են շրջանաձև, որ փոխանցումներն արագ լինեն։ Թերթիկի ներքևի մասում գրում ենք մասնակցի անունը, ինքը պատասխանում է առաջին հարցին, հարցի մասը ծալում , թերթիկը ժամացույցի սլաքի ուղղությամբ փոխանցում իրենից հետո նստածին, իրենից առաջ նստածի թերթիկի վրա շարունակում է պատասխանել հաջորդ հարցին՝ առանց նայելու, թե, ինչ է գրված այդ թերթիկին, ծալում է և փոխանցում ժամացույցի սլաքի ուղղությամբ ։ Խաղը շարունակվում է այնքան, մինչև թերթիկը հասնում է տիրոջը։ Տերը կարդում է, նկատած սխալները ուղղում, բարձրաձայն ընթերցում, լավագույնները կարող են հանրայնացնել դասրանի էլեկտրոնային էջում։

Հարցեր

1Ո՞վ / ովքեր/ հին ժամանակի արքայատոհմերի գործիչներ/ , ու՞մ հետ միջնադարի /ռազմական, հոգևոր գործիչների անուններ։ Ե՞րբ / որևէ տոնի կամ պատմական իրադարձության օր/։

2․ Որտեղի՞ց / որևէ լեռնաշղթայի , ջրային տարածքի կամ համաստեղության անվանում/ և ի՞նչ փոխադրամիջոցով / հնագույն կամ դեռ չեղած աշխարհի, հեքիաթային փոխադրամիջոց/։

3 Ո՞րտեղ գնացին, բայց ի՞նչ անելու իրավունք չունեին։

4 Ի՞նչ մրցակցի/ ախոյանի, թշնամու/ հանդիպեցին, որը հանելուկ առաջադրեց / հանելուկի յուրաքանչյուր բառի  երկրորդ տառից հետո ավելացնում ենք տօ կամ լա օրինակ՝ արի// արտօի կամ արլաի/։

5 Հետապնդում, ծպտում, փրկություն, շնորհ տվողի /բախտ բաժանողի / օգնություն։

6 Վերադարձ, իրեն փոխարինած կեղծ հերոսի հետ հանդիպում, կոնֆլիկտ։

7 Հերոսը խնդիրը ինչպե՞ս լուծեց, դու ի՞նչ կարգավիճակ ունեիր այդտեղ և ինչպե՞ս օգնեցիր հերոսին։

8 Հերոսի նոր կարգավիճակը և ամուսնությունը։

/Պատմությունները ընթերցվեցին, լավագույնները փոխանցվեցին դասարանի էջ/։

Կատարել ինքնագնահատում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  Այս հետազոտական աշխատանքից կարելի է  եզրակացնել, որ  ինքնուրույն, աշխատանքի հմտությունները չեն ծագում իրենք իրենց, դրանք անհրաժեշտ է ձևավորել, զարգացնել հետևողականորեն, և դրանում հսկայական դեր ունի դպրոցը: Սովորողների  ինքնուրույնությունը զարգանում է աստիճանաբար, դաստիարակվում է դասից դաս, դասարանից դասարան, փորձառությունից փորձառություն: Ինքնուրույն, հետազոտական, նախագծային   աշխատանքները նպաստում են ինքնուրույնության ձևավորմանը` որպես անհատական որակ, զարգացնում են սովորողների տրամաբանությունը, ճանաչողությունը, մղում են ստեղծարարության, ձևավորում են ինքնաճանաչման հմտություններ: Կարելի է ասել, որ ինչպես դպրոցում, այնպես էլ ողջ կյանքի ընթացքում կատարվող ինքնուրույն աշխատանքների ընթացքում են զարգանում գիտելիքների յուրացման գործընթացն իրականացնող ճանաչողական կարողություններն ու հմտությունները։ Աշխատանքն արագացնում է նյութի բազմակողմանիորեն ուսումնասիրման հնարավորությունը, ներդաշնակորեն միավորում  է անհատի զարգացման մրցակցային և համագործակցային հարացույցները: Սովորողը սովորում է  գնահատել իր և գործընկերոջը  հմտությունները, կարողությունները, ժամանակը, իսկ աշխատանքի արդյունքների հրապարակային պաշտպանությունը բարձրացնում է սովորողի ինքնագնահատականը և նպաստում նրա սոցիալականացմանը։ Անհրաժեշտ է միշտ ուշադրության կենտրոնում պահել նախագծային ուսուցման միջառարկայական բնույթը:

Թերություններ

  Հավանական, որ համագործակցային աշխատանքները կարող են խանգարել անհատականության   լիարժեք ձևավորմանը և զարգացմանը, եթե օգտագործվեն հաճախակի և խիստ չկարևորվեն նաև անհատական նախագծերը։

Գլուխ պահելու սովոր  սովորողներ հնարավորություն են ստանում ակտիվություն չցուցաբերելու և մնալու խմբի ակտիվ անդամների ստվերի տակ: Առանձին սովորողների մոտ լիովին չի ձևավորվում պատասխանատվության զգացում: Համեմատաբար դժվար է կազմակերպել և կոորդինացնել աշխատանքը՝ հաշվի առնելով, որ ուսուցիչը միայնակ է ստանձնում աշխատանքի ողջ ծանրություը: Խմբային աշխատանքի ընթացքում դժվար է  գնահատվում յուրաքանչյուր սովորողի կատարած ներդրումը։

   Ինքնուրույն, հետազոտական, նախագծային  աշխատանքի համակարգված    կազմակերպմամբ հնարավոր է հասնել այն բանին, որ սովորողները  ճկուն և խորը  յուրացնեն հասկացությունները, օրինաչափությունները։ Հնարավոր է  դաստիարակել նորը ճանաչելու ցանկություն և զարգացնել այն կարողությունները, որոնք պարտադիր են ինքնակրթության և ինքնակատատարելագործման համար: Պետք է մշտապես հիշել, որ ոչինչ հաստատուն չէ, բացի փոփոխությունից, և փոփոխական պետք է լինեն նաև ինքնուրույն, հետազոտական, նախագծային  աշխատանքների կազմակերպման ձևերն ու մեթոդները , որոնք պիտի  սերտորեն առնչվեն հասարակական կյանքի պատմական զարգացման հանգամանքների, մանկավարժական նորագույն փորձի ու նվաճումների հետ:

 Գրականության ցանկ

Հանրակրթության պետական չափորոշիչ

Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականության »  գրքի Պրոպի քարտերը /էջ87/։

Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա

Կոստան Զարյանի երկերի ժողովածու:

https://arar.sci.am/dlibra/publication/44039/edition/39499?language=hye

Սովորողի ինքնուրույնության և մասնագիտական ինքնորոշման հոգեբանական գնահատում /մեթոդական ուղեցույց, կազմողներ՝ Վ. Ռ. Պապոյան, Ա. Ս. Գալստյան, Դ. Յու. Սարգսյան, Ե. Բ. Մուրադյան // Եր., ԵՊՀ հրատ., 2017, 78 էջ:/

Автор:

Հոգեմարդու նախասահմանումով արևավոր ճանապարհորդ

Оставьте комментарий